February 14

Համահայկական առաջին թագավորության անկումը

Վանի թագավորության թուլացումն ու անկումը։ Ռուսա 2-ից հետո Վանի թագավորությունն աստիճանաբար թուլացավ։ Նոր արքա Սարդուրի 3-րդն ասորեստանյան աղբյուրներում հիշատակվում է միայն մեկ անգամ՝ Ք․ա․ 643 թվականին։ Սարդուրի 3-ից հետո իշխել է նրա որդի Սարդուրի 4-ը, որի գահակալման դեպքերի մասին մեզ գրևեթե ոչինչ հայտնի չէ։

Համեմատաբար լուսաբանված է Ռուսա 3-րդի (Էրիմենայի որդու) իշխանության շրջանը։ Նրա թողած արձանագրությունները հայտնաբերվել են Վանա լճի արևելյան շրջանների և Արարատյան դաշտի հնավայրերում։ Դա ցույց է տալիս նաև, որ նրա օրոք պետության սահմանները նեղացել էին՝ ընդգրկելով Վանա լճի ավազանն ու Արարատյան դաշտը։

Վանի թագավորության թուլացմանն ու անկմանը նպաստեցին նաև հյուսիսից ասպատակող սկյութական ցեղերը։

Թե երբ և ինչպես է անկում ապրել Վանի թագավորությունը, ստույգ հայտնի չէ։ Վանի արքայատոհմից անցումը հաջորդ արքայատոհմին կատարվել է առանց լուրջ պատերազմական գործողությունների՝ հավանաբար պալատական հեղաշրջման ճանապարհով։ Դա տեղի է ունեցել մինչև Ք․ա․ 609 թվականը։

Ք․ա․ 7-րդ դարում Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան մասում ձևավորվել էր հայկական նոր մեծ իշխանապետություն՝ Հայկազունի Սկայորդու գլխավորությամբ։ Նրա որդի Պարույր Հայկազունին էլ Ք․ա․ 612 թ․ հռչակեց նոր թագավորություն։

Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ։ Ինչպես գիտենք, Ք․ա․ 3-2 հազարամյակներում Հայաստանի տարածքում ստեղծվել էին բազմաթիվ վաղ պետական կազմավորումներ։ Դրանցից ոչ մեկը, սակայն, չէր ընդգրկում ամբողջ լեռնաշխարհի տարածքը։ Այլ կերպ ասած՝ դեռևս չկային համահայկական թագավորություններ։ Եվ այդ կարևոր խնդիրն իրականացրեց Վանի թագավորությունը՝ միավորելով ողջ լեռնաշխարհը միասնական թագավորության մեջ։ Հայ ժողովուրդը՝ որպես լիակատար ընդհանրություն, իր ձևավորման ավարտին հասավ այս թագավորության օրոք։

Ստեղծվեց հսկայական մշակութային ժառանգություն, որը հետագա դարերի ընթացքում շարունակեց զարգանալ։ Ի վերջո՝ Վանի թագավորության ժամանակ հիմնվեց համայն հայության ներկայիս մայրաքաղաքը՝ Էրեբունի-Երևանը։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Հյուսիսից արշավող ի՞նչ ցեղերի դեմ է պայքարել Վանի թագավորությունը։
սկյութական ցեղերը
2․ Ե՞րբ է Սարդուրի 3-ը հիշատակվում ասորեստանյան արձանագրություններում։

Ք․ա․ 643 թվականին
3․ Ո՞վքեր էին Վանի թագավորության վերջին հայտնի արքաները։

Սարդուրի 3-ը, Ռուսա 3-ը և Սարդուրի 4-ը
4․ Ե՞րբ է անկում ապրել Վանի թագավորությունը։

Ք․ա․ 609 թվականին
5․ Ներկայացրեք Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ։

Հայաստանը ուներ բազմաթիվ վաղ պետական կազմավորումներ, սակայն դրանցից ոչ մեկ չէր ընդգրկում իր մեջ ամբողջ լեռնաշխարհը։ Իսկ Վանի թագավորությունը լուծեց այդ խնդիրը միավորելով իր մեջ ամբողջ հայաստանը։


Posted 14 Feb 2024 by khachatryannelson in category հայրենագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*