May 10

6-8-րդ դասարաններ, ուսումնական պլանի դիտարկումներ

Ուշադիր ընթերցելով 6-8-րդ դասարանների ուսումնական պլանը` ողջունում եմ երեխաների ուսումնական օրը այդքան բազմազան դարձնելու և երեխաների նախասիրություններին մեծ տեղ հատկացնելու դպրոցի դիրքորոշումը։ Ունեմ որոշակի դիտարկումներ, որոնք սիրով ներկայացնում եմ։ Առաջարկում եմ.

  1. Երկու օտար լեզվի ընտրությունն էլ թողնել աշակերտին։ Քանի որ ռուսերենը ճիշտ նույնպիսի օտար լեզու է, ինչպես անգլերենը կամ ֆրանսերենը կամ ցանկացած մեկ այլ օտար լեզու, դպրոցն էլ որդեգրել է օտար լեզվի ուսուցման ընտրության հնարավորություն տալը, անհասկանալի է ընտրությունը 50%-ով սահմանափակելու քաղաքականությունը և ռուսերենը պարտադրելը սովորողին։
  2. Հայոց լեզու առարկայի դասավանդման ընթացքում մեծ տեղ հատկացնել բառուսուցմանը, բառերի քերականությանը, ուղղագրական կանոններին։
  3. Մայրենի և Հայ գրականություն առարկաների շրջանակներում բարբառներով, արևմտահայերենով, գրաբարով և միջին հայերենով ընթերցանությունը բացառապես ոսուցչի վերահսկողությամբ կատարվի, ուղեկցվի տվյալ ժամանակաշրջանի և տարածաշրջանի լեզվական կանոնների ուսումնասիրությամբ և լինի ոչ մեծ ծավալի։ Անցյալ տարիների մեր փորձառությունը ցույց է տալիս, որ երեխան լիովին չի ընկալում ժամանակակից արևելահայերենից տարբերվող կանոններով ընթերցածը, և այդպիսով ընկնում է կարդալու մոտիվացվածությունը առհասարակ։
  4. Հետևողական լինել դպրոցում տնային աշխատանքների ստուգման գործում։
  5. Քանի որ շատ են արշավները, սպորտային գործունեությունը, մեծ է երեխայի ֆիզիկական ինքնուրույնությունը ուսումնական ողջ պրոցեսում թե դպրոցում, թե դպրոցից դուրս (և այս ամենը շատ ողջունելի է), մեծացնել ուշադրությունը սովորողների ֆիզիկական անվտանգությանը, հատուկ միջոցներ ձեռնարկել։
  6. Մեսրոպատառ ձեռագիրը հայոց լեզվի մեծագույն արժեքներից է։ Թույլ չտալ, որ սովորողների մոտ կորսվի ձեռագրի կարողությունը։
  7. Սահմանափակումներ մտցնել համացանցի կարգավորումներում, կանխել մուտքը ուսումնական պրոցեսի հետ կապ չունեցող և որոշակի վտանգներ պարունակող կայքեր, աշակերտների համար կազմակերպել մեդիագրագիտության դասընթացներ։

Հարգանքով,

Աննա Ջավախյան (սովորող Նելսոն Խաչատրյանի մայրիկ)