Եղնիկը
Թեսթ2
Ավետիք Իսահակյան
ԵՂՆԻԿԸ
«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները: «Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ: Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում: Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի: Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ… Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով: Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես: Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ… Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:
1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
ակնթարթ
փախչում
երբ
պատշգամբ
2. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.
ա/զուլալ պարզ բ/լուռ լռիկ գ/ակնդետ ուշագրավ դ/ընտանի մտերմացած
3. Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.
ա/ լույս աշխարհ գալ դ/ծնվել,հայտնվել բ/խելքը գլխին գ/դատող, բանիմաց, խելացի գ/կողը հաստ բ/համառ, ինքնասածի, կամակոր դ/ճաշը եփել ա/մեկին պաժել, լավ ծեծել
4. Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:
բարեկամ
վերջալույս
լուսամուտ
հողմածեծ
5. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ: եղնիկ
նվեր
զանգակ
երեխա
6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված. ա/որսորդ – գոյական բ/եղնիկ – գոյական գ/առաջին –ածական դ/ազատ –ածական
7. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն: Արդյոք գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ։
Խե՜ղճ եղնիկ…
8. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը: Եղնիկը ուշագրավ և մատաղ է։ Նա ընտանի էր, բայց վերջում գնաց անտառ, որտեղ նրա տունն է։
9. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.
ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով:
բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում: գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:
դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:
10. Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:
Եղնիկը կարոտել է իր ընտանիքին։
11. Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:
Հեղինակը հարգում եղնիկին, որովհետև նա բարի է։
12. Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ: Անտառը հողմի ժամանակ շատ աղմկոտ է։
13. Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ հուզեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզ և ծոծկվեց խավարների մեջ։