October 14

Առյուծը և մարդը

Արևմտահայերեն

Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները
սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ
որմէ՞ կը վախնային։
–Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։
–Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք
անկէ։
–Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։
Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ
մարդ մը։
–Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։
–Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս
տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս,
որպէսզի կռուինք։

Առիւծը կ’ըսէ.
–Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։
Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։
Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ* կը կապէ կաղնիի ծառին, ապա
ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։
Առիւծը կը գոչէ.
–Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն
այսպիսի ծեծ կը վայելէ։

Արեվելահայերեն

Մի զորավոր առյուծ նստել էր ճանապարհին, և տեսակ-տեսակ գազաններ այդ ճանապարհով գալիս էին դողալով ու անցնում: Առյուծը հարցրեց նրանց.

— Ինչո՞ւ եք փախչում և ո՞ւմ ահից եք զարհուրած փախչում:

Նրանք ասացին.

— Փախիր և դու, որովհետև ահա գալիս է մարդը:

Առյուծն ասաց.

— Ո՞վ է մարդը, ի՞նչ է նա, ի՞նչ է նրա ուժը և նրա կերպարանքը, որ փախչում եք նրանից։

Նրանք ասացին.

— Կգա, կտեսնի քեզ, և քեզ վայ կլինի:

Եվ ահա իր հանդից եկավ մի հողագործ մարդ: Առյուծն ասաց.

— Մի՞թե դու ես այն մարդը, որ վախեցնում է գազաններին:

Նա ասաց.

— Այո՛, ես եմ:

Առյուծն ասաց.

— Արի կռվենք:

Մարդն ասաց.

— Այո՛, բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմը տանն են: Եկ նախ կապեմ քեզ, որպեսզի չփախչես, մինչև ես գնամ, առնեմ իմ զենքը, և ապա կռվենք:

Առյուծն ասաց.

— Երդվիր, որ կգաս, և ես կլսեմ քեզ:

Մարդը երդվեց, և առյուծն ասաց.

— Հիմա կապիր ինձ և գնա շուտ ու դարձիր: Մարդը հանեց պարանը և առյուծին պինդ կապով կապեց կաղնու ծառին, ծառից կտրեց մի բիր և սկսեց զարկել առյուծին:

Առյուծը գոչեց.

— Եթե դու մարդ ես, ավելի խիստ և անխնա զարկ իմ կողերին, որովհետև այս խելքին այդպես է վայել:

 

Իմ կարծիքով, առակը ասում է, որ ուժը խելքն է որոշում։


Posted 14 Oct 2023 by khachatryannelson in category Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*