March 18

Ռուբայիներ (Եղիշե Չարենց)

I

Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։

III

Նա թե՛ կյանք է, թե՛ մահ.— ակնթարթը.
Անհատնում հատնում է, վառք է.—
Եվ այսպես՝ մշտատև է աշխարքը.
Անդադար թարթում է— ու անթարթ է։

Advertisements
REPORT THIS AD

VI

Անցնում է, հոսում է, վարար է,
Ելնում է, սուզվում անդադար,
Մշտապես մեռնում է— ու հար է.
Մշտապես ու հար — անկատար։

XI

Վերցնում ես քարը— մտածում ես.
«Հետքեր է կրում նա ջրի» —
Բայց չէ՞ որ այդ նո՛ւյն վայրկյանին հենց
Իմ վրա դու քո ձեռքը դրիր։

XIII

Դու ամե՛ն վայրկյան քեզ ժխտում ես
Ու այդպես ժխտելով՝ հաստատում.
Պարտըվում ես դու քեզ ու հաղթում ես,
Սակայն մի՛շտ՝ այդ դո՛ւ ես — ու դո՛ւ:

XIV

Անտառը թափում է իր սաղարթը,
Անտառում հատնում է ու վատնում,
Բայց նայի՛ր— ինչքա՜ն նա զվարթ է,
Ինչքան նո՜ր է— ու մի՛շտ անհատնում։

XVI

Թե կտոր տեսնես մի ամպի— ասա՝ սա ուրի՜շ է արդեն.
Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն,
Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,
Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։

XVIII

Երկնքից թռչում է մի թռչուն.— քո ներկա՞ն է այն, բարեկա՛մս,
Ինքն իրեն ժխտող մի հնչյուն.— քո ներկա՞ն է այն, բարեկա՛մս.
Նա գնաց— ու կրկին դարձավ.— այդ նա՞ է արդյոք, թե ուրի՞շը…
Դու նրան էլ չե՛ս ճանաչում… քո ներկա՛ն է այն, բարեկամս:

XXIII

Ախ, նայե՛ք, այդ մարդը, այդ հիմարը.— նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է.
Հավատում է նա, որ սա քար է. նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է

Դու ծաղրիր նրան, իմաստո՛ւն, դու տեսնում ես աճումն ու ընթացքը
Եվ գիտես, որ ընթացք է աշխարհը,— նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է։

XXXIII

Մտե՜լ են տոնական դռներից — և դրախտ են կարծել այս տունը.
Սահմանված ձեռքով մի վերին՝ անխա՛խտ են կարծել այս տունը։—
Ետևի դռներից մենք մտանք՝ քանդելով սյուներն ու հիմերը—
Եվ գիտենք՝ ձեռքերով ձեր շինած մի զնդա՛ն է անձև այս տունը։

XXXVIII

Քեզ տրված է կյանքը, որ լինես՛— ու ոչինչ երազ չթվա,
Որ կյանքում քո կյանքը շինես— ու ոչինչ երազ չթվա.
Քեզ գերում է ընթացքը այս տաք, բայց տեսնո՞ւմ ես դու այն, որ գալիս է,
Գալիս է իր գալիքը հինե — ու ոչինչ երազ չթվա։

XL

Ընթացի՛ր դու, մա՛րդ, անդադար, որ ոչինչ քեզ երազ չթվա,
Որ լինես անվախճան ու հար — ու ոչինչ քեզ երազ չթվա,
Որ զգաս, շոշափես դու կյանքը՝ մշտախո՛սը դու այդպիսով —
Եվ դառնա աշխարհը՝ աշխարհ — ու ոչինչ քեզ երազ չթվա։

XLIII

Նա կուզեր, որ ողջը նրան միանգամ ընդմիշտ տրվի,
Որ կյանքի իմաստը հուրհուրան միանգամ ընդմիշտ տրվի.
Դու գիտես, որ ընթա՛ցք է աշխարհը, գոյանում է ու լինում անվերջ—
Եվ գուցե քեզ մահը միայն միանգամ ընդմիշտ տրվի։

XLIV

Ծնվում է, աճում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում.
Մեռնում է, կորչում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում,
Բայց ծնվողը — ծնվում է պայքարով, պայքարո՛վ է մեռնում և մեռնողը,—
Եվ այսպես — կոփվում է ապագան յուրաքանչյուր վայրկյան կյանքում։


Posted 18 Mar 2023 by khachatryannelson in category Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*