December 13

Հայաստանի գետերն ու լճերը

Հայաստանը համեմատաբար հարուստ է ջրային պաշարներով։ Այստեղ կան մոտ 9480 գետեր, որոնցից 379-ը ունեն 10 կմ-ից ավել երկարություն, և 100-ից ավել լճեր, որոնց մի մասը չորանում է ամռանը։ Դարեր շարունակ Հայաստանը կոչվել է «գետերի և լճերի երկիր»։ Հայաստանում գետերից 9100-ն ունի մինչև 10 կմ երկարություն, 318-ը՝ 10-25 կմ, 57-ը՝ 26-100 կմ, 5-ը (Արաքս, Ախուրյան, Դեբեդ, Հրազդան, Որոտան)՝ մինչև 200 կմ երկարություն։

Հայաստանի խոշոր գետը Արաքսն է, որը հոսում է հանրապետության հետ Թուրքիայի (150 կմ) ու Իրանի (40 կմ) սահմաններով։ Արաքսի ավազանին են պատկանում Ախուրյան, Քասաղ, Հրազդան, Ազատ, Վեդի, Արփա, Որոտան, Ողջի, Մեղրի, Ծավ, Մալև, Շվանիձոր և այլ գետեր՝ իրենց համակարգերով։ Արաքսի ավազանում մեծ նշանակություն ունեն Սևանա լիճը և դրա մեջ թափվող գետերն ու գետակները, որոնցից առավել ջրառատ են Արգիճին, Մասրիկը, Գավառագետը, Վարդենիսը։

Կուրի ավազանին են պատկանում Դեբեդը (Փամբակ ու Ձորագետ կազմարարներով), Աղստևը, Հախումը, Տավուշը, Խնձորուտը, Ոսկեպարը և այլն։

Հայաստանի և Կովկասի ամենախոշոր լիճը Սևանն է։ Մնացած լճերը՝ Քարի, Լեսինգ, Ամբերդ (Արագածում), Ակնա, Զեյնալ, Արնոտ (Գեղամա լեռնաշղթայում), Գազանա, Կապուտան (Զանգեզուրի լեռներում), Ալ, Սև  (Սյունիքի բարձրավանդակում)  և այլն, փոքր են և մեծ մասամբ գտնվում են բարձր լեռնային գոտիներում։