March 9

Չարենցյան ընթերցարան և Չարենցյան բառարան

Գիտե՞ք, որ գարուն է արդեն

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց. Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։
Հնչում են օրերը…Հնչում են օրերը, կանչում են,
Օրերը — կարմիր ու բոսոր,
Օրերը ղողանջ ու հնչուն են,
Զնգում են՝ հրե ու հզոր։

Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է՝ կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…

Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
Գալիքը կուզեմ որ արա՛գ գա —
Անդարձ է կարոտը երգիս։

Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն
Երգերս զնգան ու հնչեն —
Կուզեմ, որ լսե, ախ, գալիքը
Երգերս այս վառ ու հնչեղ…

«Ինչքան աշխարհը սիրես»

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։
Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

 

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն

 

Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն …

Բոլորը քեզ

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

Ինչ որ լավ է

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Էլի գարուն կգա

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա։
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա։
Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա։

Ա ա

անհուն –  հուն չունեցող

աշուղ – ժողովրդական երաժիշտ, որ հեղինակում է երգեր ու նվագում կամ երգում, աշուղ

Բ բ

բաղ – պարտեզ, մրգատու ծառերի այգի

բոսոր – դեղնին տվող կարմիր, ծիրանագույն

բուք – ձյունամրրիկ, ձյունահողմ, ձյունաբուք, բորան, բուք ու բորան, (բրբ.) փչիմրրիկ, թիփի

Թ թ

թախիծ –  տխրություն, կսկիծ, տրտմություն

Խ խ

խոցել – զենքով կամ ծակող գործիքով խոց՝ վերք հասցնել, ծակել, վիրավորել

Հ հ

հրկեզ – հուր, կիզիչ ջերմություն, տապ, շոգ

Ղ ղ

ղողանջ – մետաղյա կամ ապակյա առարկայի թրթռուն ձայն՝ հնչյուն

Ճ ճ

ճահճուտ – ճահիճ

Ո ո

որբ – ծնողներին կամ նրանցից մեկին կորցրած անչափահաս երեխա

Վ վ

վսեմ – բարձր՝ վեհ բովանդակություն՝ էություն ունեցող, վեհ, ազնիվ


Posted 9 Mar 2023 by khachatryannelson in category Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*